Իբրև բանասիրական գիտությունների թեկնածու ու շարքային ընթերցող` անպարագիծ սիրում եմ ռուսական փառահեղ մշակույթը, որ քաղաքակրթության պատմության ինքնատիպ ու սքանչելի էջերից է եղել ու կա: Իբրև ընթերցող սքանչանալով ռուս գրականությամբ, իբրև գիտնական վաղուց ու անդառնալի համոզվել եմ` ռուս հոյակապ գրականությունը (նաև` կերպարվեստը, թատրոնը, ճարտարապետությունը, երաժշտությունը, փիլիսոփայությունը) չունի բուն ռուսական արմատներ (սերում է հիմնականում եվրոպական ու հրեական զարմերից) և չի թողել կայուն ու անշրջելի հետագիծ: Եզակի ռուսները զուտ ռուսական ծագումով` առավել դաժան վերաբերմունքի են հանդիպել: Իշխանությունը (ցարականից` սովետական ու ներկա) նրանց կամ ոչնչացրել է (սպանություններ, «ինքնասպանություններ», «քաղաքացիական մահապատիժ» երբ դուրս են դրվել գրական ու մշակութային ասպարեզից), կամ դարձրել պալատական գրչակ ու գուսան: Ստացվել է մշակույթի և մշակույթը կրողի խզում ու խրամատավորում` նրանք ապրում են տարբեր մոլորակներում ու գերադասում չհանդիպել իրար: Ամեն հանդիպում ավարտվում է մեկնումեկի ողբերգությամբ, նվազագույնը` չհասկացվածությամբ ու առավել խորթացմամբ: Ինչու՞ եմ գրում այս ամենը: Որովհետև չեմ ուզում գրել Հայաստանի դեմ նոյեմբերի 24-ից հետո սկսված ռուսական մեդիաարշավանքի մասին: Գուցե չէի գրի, եթե չլիներ հարգանքն ու սերը ռուսական մշակույթի նկատմամբ:
Ինչու՞ են ռուսները հրաժարվում իրենց ժառանգության համամարդկային ուժից:
Քաղաքականացած ռուսները չեն զգում իրենց կապը, իսկ եթե զգում են, փորձում են ձերբազատվել: Չքաղաքականացած ռուսներն ունեն իրենց կյանքը` առանց մշակույթի: Վստահաբար` հեռուստաեթերից կամ սոցիալական ցանցերի քննարկումներից հայտնի են «մահացու մեղքերը», որոնց մեջ մեղադրվում է ոչ միայն ՀՀ իշխանությունը, այլև մենք` ազգովին: Համենայն դեպս, հիշեցնեմ.
1. Հայաստանը հանդգնել է ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրել:
2. Հայաստանը դավաճանել է Ռուսաստանին:
3. Հայաստանը միացել է Արևմուտքին, որի նպատակը Ռուսաստանը քանդելն է:
Հազիվ թե իմաստ ունի քննարկել, հերքել, որ նույնն է` արդարանալ:
Ինչու՞ են մոլեգնում ռուսական հեռուստաալիքները: Սա հարց չէ նրանց համար, որ ժամանակ ունեն կամ իմաստ են տեսնում ՌԴ հեռուստաալիքների քաղաքական հաղորդումները նայելու, գիտեն բանավեճերի նպատակը, մակարդակն ու տոնայնությունը, առավել ևս համարժեքությունը իրականությանը:
Այդ հաղորդումները ակնհայտ են դարձնում.
1. Ռուսական ներքին ու արտաքին քաղաքականության թերարժեքության բարդույթը, որ հեռուստամեկնաբաններն ու նրանց անփոփոխ հյուրերը փորձում են թաքցնել հեգնանքի, սարկազմի, ցինիզմի շղարշի տակ` ստեղծելով տպավորություն, որ ամբողջ աշխարհը իրենց դեմ է և իրենք միայնակ դիմակայում են համաշխարհային դավադրությանը: ՈՒստի պիտի համախմբվեն ու հարցեր չտան:
2. ՌԴ իշխանությունները հոգեբանորեն, իրավականորեն, կառավարման մակարդակում չեն ընկալում ԽՍՀՄ-ի փլուզումը ու հետխորհրդային տարածքում քառորդ դար առաջ ձևավորված հանրապետություններին չեն ընկալում անկախ պետություններ, պատրաստ չեն նրանց հետ գործընկերային հարաբերությունների: Քաղաքական, փորձագիտական, լրագրողական մակարդակում այդ վերաբերմունքն արագ ու հեշտ փոխարկվում է վիրավորանքի, ստի, զրպարտության, գործում է սեփական անխոցելիության ու ճշմարտության գիտակցությունը:
Անպատժելիության ու անպատասխանատվության: Քաղաքական գործիչներին ոչ ոք ընտրությունների ժամանակ չի հիշեցնի իրենց հայտարարությունները ու «հաշիվ չի ներկայացնի»` չստացված քվեի տեսքով: Ընտրությունները Ռուսաստանում միջոցառում են, որտեղ նշանակվում են տարբեր մակարդակի իշխանավորներ:
3. Հեռուստաէկրանից Հայաստանի հասցեին հերյուրանքների վերաբերյալ զարմանալիորեն համընկավ ՌԴ ու ՀՀ իշխանավորների գնահատականը` նրանք համատեղ չկիսեցին լրատվամիջոցների տեսակետները և շեշտեցին ՌԴ քաղաքական իշխանության լոյալ վերաբերմունքը: Ռուսական հեռուստաընկերությունները կատարում են պետական պատվեր` նրանք ասում են այն, ինչ իշխանությունը ուզում է տեղ հասցնել, բայց անհրաժեշտ չի համարում պետական քաղաքականության մաս դարձնել: Դա նորություն կամ գաղտնիք չէ:
Ի՞նչ կարող է հակադրել Հայաստանը թշնամանքի այդ հորձանքին.
1. Ոչինչ` տեղյակ ենք ու անտեսում ենք: Դա ընկալվելու է իբրև թուլության, խորքում նաև համաձայնության նշան:
2. ԱԳՆ-ի մակարդակով պաշտոնական բացատրության պահանջ ու նվազագույնը` ներողություն` պետության վարկին ու հեղինակությանը հասցված վիրավորանքի դիմաց:
3. Լրագրողական ու փորձագիտական մակարդակով ասիմետրիկ պատասխան ռուսական լրատվամիջոցներին:
Ինչպես հասկանում եք` 3 տարբերակներից վերջին 2-ը չեն ընտրվի, առաջինը կսահմանափակվի հայկական քաղաքական ու լրատվական դաշտում անհոդաբաշխ ու անատամ մի քանի հայտարարություններով: Գերակայությունը կտրվի «Ինչ ուզում են, թող խոսեն, գործին չխանգարեն» մտայնությանը, թեպետ իշխանական քաղաքական գործիչներին առաջինը պետք է մտահոգեին պետության հեղինակության դեմ ոտնձգությունները, որ հարված է իրենց ու իրենց իշխանությանը: Իրենց են անվանում «տրոյական ձի», իրենց են ներկայացնում «դավաճանության» մեղադրանք, իրենց զինանշանն են նացիստականի հետ համեմատում: Համենայն դեպս` նոյեմբերի 28-ին HTB-ի «Հանդիպման վայրը» հաղորդման ժամանակ հաղորդավարներն ու ելույթ ունեցողները համաձայնագիրը կոչում էին «ասոցացման համաձայնագիր» ու միմյանց ապացուցում էին, որ Հայաստանը քաղաքականության ու տնտեսության, անվտանգության ոլորտում ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, բայց դավաճանում է Ռուսաստանին ու անբարո կնոջ պես նետվում եվրոպացի «սիրածների» գիրկը: Իսկ Եվրոպան, որին Հայաստանը 1000 տարի պետք չէ, ընդունում է, որովհետև «ցանկանում է ամբողջ հետխորհրդային տարածքը քաշել Ռուսաստանի տակից»: Քաղաքագետ Օլեգ Բարաբանովի խոսքով` «Նպատակն է սեպ խրել ԵԱՏՄ-ում: Եվրոպան հասկանալի է, մեզ միշտ վատություն է արել ու անելու է»: Քաղաքագետ Սերգեյ Մարկովը զայրույթով հայտարարում էր, որ ԵՄ-ն ցանկանում է ոչնչացնել ԵԱՏՄ-ն: Նրա կարծիքով` Հայաստանը Ռուսաստանից ավելի շատ փող է ուզում: «Մենք կոնֆլիկտ ունենք Նժդեհի հարցով: Նա Ադոլֆ Հիտլերի զինակիցն էր, որի հուշարձաններն են կանգնեցվում այնտեղ և նրան ազգային հերոս են կոչում»,- ասում էր Մարկովը ու Հայաստանին մեղադրում… Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ, որ «ռուսական հեռուստաընկերությունները չասեն, որ Նժդեհը նացիստական հանցագործ է»: Իսկ ՀՀ-ԵՄ փաստաթղթի ստորագրումը, նրա գնահատականով, ՌԴ-ի պարտությունն է, Ռուսաստանի վրա հարձակման նախապատրաստություն: Այդքանից հետո հալած յուղի տեղ էր ընդունվում, որ ԵՄ-ն Հայաստանի վրա մշտապես ճնշում է գործադրում՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղարաբաղից, որ Հայաստանը պահանջել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում ընդգծել ազգերի ինքնորոշման սկզբունքը, իսկ այնտեղ միայն տարածքային ամբողջականությունն է նշվել: Ո՞վ պիտի ասեր` սուտ է: Ո՞վ պիտի ԱլԳ հռչակագիրը մեջբերեր` իբրև հերքում: Ո՞վ պիտի հարցներ, թե Հայաստանի այդ քաղաքականության դեպքում ինչու՞ է Ռուսաստանը «Հայաստանի անվտանգության երաշխավոր» Ադրբեջանից ու Թուրքիայից, ինչպե՞ս է այդ անվտանգությունը երաշխավորում` նրանց բազմապատիկ զինելո՞վ: Այդքանից հետո տեղի՞ն է, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն է ստանձնում ՌԴ պաշտպանությունը. ««Գազպրոմ մեդիա հոլդինգի» ցանցի մեջ ներառված հեռուստաալիքի հաղորդումը իր ձևաչափով զուտ պոպուլիստական է՝ փորձելով, այսպես կոչված, փորձագետների մակարդակով որոշ սրություն տալ հեռուստալսարան գրավելու նպատակով, ինչն ակնհայտ երևաց նոյեմբերի 28-ի թողարկման ընթացքում։ Միանշանակ, հնչեցված «փորձագիտական» տեսակետները զուտ հեռուստատեսային շոու ստեղծելու միտումն են հետապնդել»` ասել է դեսպանատան խոսնակը և հավելել` հաղորդման ժամանակ հնչեցված տեսակետներն առնչություն չունեն ՌԴ պաշտոնական դիրքորոշման հետ և չեն արտացոլում իշխանությունների մոտեցումը: Դիվանագիտորեն ու քաղաքականորեն ավելի ճիշտ չէ՞ր, որ դա հայտարարեր ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը` դեսպանի շուրթերով: Գուցե դա «Գազպրոմի» շնորհակալությու՞նն է Հայաստանին` մոնոպոլ դիրքի համար: Գուցե վա՞խը, որ կոռուպցիայի դեմ պայքարի պատճառով ու այլընտրանքային էներգետիկայի զարգացման, Իրան-Հայաստան գազային գործարքի դեպքում իր մենաշնորհը այլևս արդիական չի լինի: Բայց այդ դեպքում ոչ թե սեփական HTB-ով հարձակվում, այլ պայմանների շուրջ են բանակցում:
«Զվեզդա»-ների, Первый канал-ների, HTB-ների, PTP-ների հար և նման հաղորդումները անգամ ամենականխակալ ռուսամետին պիտի ստիպեն մտածել: Մակերեսային հարթության վրա է պատասխանը, որ այդ հաղորդումների իրական հասցեատերը ոչ թե Երևանը, այլ Բրյուսելն է ու ողջ Արևմուտքը: Իրական հասցեատերը միջին վիճակագրական ռուսներն են, նրանք ունեն նույնականացման, իրենց մշակույթի արժեքներին վերադառնալու ու իրականության զգացումը վերականգնելու խնդիր: Կալաշնիկովի ինքնաձիգը ոչ միշտ ու ոչ բոլոր հարցերն է աշխարհում լուծում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Համենայն դեպս` նրանց համար, որ դեռ կարողանում են մտածել, տեղեկացնեմ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ ավելի վաղ հայտարարում էր` «Մի շարք երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունն օգտագործել Ռուսաստանի դեմ», բելառուսական CTB հեռուստաալիքին ասել է. «Որ ամփոփիչ հռչակագրում, չնայած վեհաժողովի որոշ մասնակիցների ցանկության, չկան այնկողմնային դրույթներ, անմիջականորեն ԵՄ-ի թիրախային պետություններին վերաբերող, մենք տեսնում ենք այդ թվում Բելառուսի մեծ դերը, որ թույլ չտվեց գործընթացը քաղաքականացնել, գաղափարականացնել, որ այնտեղ իր արմատական շահը տեսնում է արևմտաեվրոպացիների հետ նորմալ հարաբերություններ զարգացնելու մեջ: Մենք այստեղ ոչ մի տարընթերցում չունենք: Մենք ոչ մի կասկած չունենք Բելառուսի, Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ»: Լավրովը նաև հավելել է. «ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ հակառուսական լիցք դնել ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում` անհեռանկար ու անարդյունավետ է»:
Իսկ հիմա մտածեք` ինչու՞ է Ռուսաստանն ամեն տեղ «հակառուսական լիցք» որոնում, ինչու՞ էր Բրյուսելի փոխարեն Լուկաշենկոն գնում Գոմել ու ասում` «Ռուսաստանը սրբազան է», ինչու՞ էր Բրյուսելում Մերկելն ասում, որ հետխորհրդային տարածքում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը և արագ փոփոխություններ չեն լինի, ինչու՞ չստորագրվեց ԵՄ-Ադրբեջան համաձայնագիր, և ինչու՞ Լավրովը նույն շարքում է շարում Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը: 25 տարի առաջ մենք շտապեցինք ՌԴ-ին ասել` «Հնազանդ եմ»-ը, իսկ «Տեր եմ»-ը երբեք չհնչեց: Անկախությունը պատասխանատվություն է, մենք քառորդ դար այդ հարթակի առաջին սանդղակին ենք ու վախենում ենք երկրորդին ոտք դնել:
Ահա և հետևանքները: Միայն չասեք` այդպես ստացվեց: Ժամանակն է ոչ միայն տարբերել օբյեկտի ու սուբյեկտի կարգավիճակը, այլև սուբյեկտ դառնալ միջազգային իրավահարաբերություններում: Ռուսները մատչելի բացատրեցին «սիրուհիների ու սիրեկանների», «ձախ գնացող կանանց», պատանդների ճակատագիրը: Եվ ո՞վ է Հայաստանում ռուսատյացություն տարածում: Ովքե՞ր են պերմյակովները, շևչենկոները, ստարիկովները, դուգինները, մարկովները, պրոխանովները: Ի՞նչ գործ ունեն Հայաստանի հետ: ՈՒ՝ դեռ ինչքա՞ն: